ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Էրդողանի էներգետիկ պոպուլիզմը ներքին ճգնաժամի պայմաններում

Էրդողանի էներգետիկ պոպուլիզմը ներքին ճգնաժամի պայմաններում
03.05.2025 | 15:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ ներքին խորը ճգնաժամի պայմաններում շարունակում է օգտագործել էներգետիկան՝ որպես քաղաքական մոբիլիզացիայի և արտաքին դիրքավորման գործիք։

Այս աոռւմով հատկապես հետաքրքիր է անդրադառնալ երեկ Ստամբուլում կայացած բնական ռեսուրսների գագաթնաժողովում նրա ելույթին՝ նվիրված Թուրքիայի գլոբալ գեոէներգետիկ նկրտումներին։ Այն ցույց տվեց, թե ինչպես է էներգետիկ հռետորաբանությունը ծառայեցվում հասարակական ուշադրությունը սոցիալ-տնտեսական անկայունությունից շեղելու նպատակով։

Ակնհայտ է, որ ելույթում շեշտադրված պնդումները՝ նավթի արդյունահանման «պատմական ռեկորդի», Սաքարիայի հանքավայրում գազարդյունահանման աճի, «Աքքույու» ԱԷԿ-ի գործարկման և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նպաստելու մասին, իրականում քիչ առնչություն ունեն Թուրքիայի իրական էներգետիկ ներուժի հետ։ Դրանք ավելի շուտ ծառայում են քաղաքական օրակարգի կառուցմանը՝ ներքին խնդիրների ֆոնին ստեղծելով ապագայի «էներգետիկ գերտերության» պատրանք։

Անկասկած, Թուրքիայի աշխարհագրական դիրքը նրան տալիս է տարանցիկ կենտրոն դառնալու հնարավորություն։ Սակայն միայն տարանցիկ հարթակ լինելը դեռևս բավարար չէ՝ գլոբալ խաղացող համարվելու համար։ Թուրքիայի էներգառեսուրսային բազան չափազանց սահմանափակ է։ Իսկ օրական 135 հազ. բարել նավթի արդյունահանման մասին պնդումները դժվար թե ազդեն օրական մոտ 100 մլն բարել սպառող գլոբալ շուկայի կոնյունկտուրայի վրա:

Սաքարիայի գազային պաշարները, որոնք 2026-2028 թթ. ընթացքում կարող են ապահովել օրական 20-40 մլն խմ մատակարարում, եվրոպական ±450 մլրդ խմ տարեկան սպառման պայմաններում գրեթե աննշան են։ Ինչ վերաբերում է «Աքքույու» ԱԷԿ-ին, ապա դա ռուսական նախաձեռնություն է, որն ամբողջությամբ կառուցվում և ֆինանսավորվում է «Ռոսատոմ»-ի կողմից։ Այս նախագիծը խորացնում է Թուրքիայի տեխնոլոգիական ու ֆինանսական կախվածությունը և ոչ թե ամրապնդում էներգետիկ ինքնիշխանությունը։

Իսկ իշխանության կողմից կոմունալ վճարումների փոխհատուցման նպատակով հատկացված 983 մլրդ լիրան պարզապես սոցիալական ճնշումը մեղմելու փորձ է՝ առանց իրական կառուցվածքային բարեփոխումների։

Այս ամենի համատեքստում Էրդողանի «էներգետիկ պոպուլիզմը» հանդես է գալիս որպես քաղաքական հաղորդակցության ռազմավարություն, որի հիմնական նպատակը ներքին լեգիտիմության վերարտադրությունն է։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ